Նորություններ
14/07/2023
Դ.Խ.-ն, զբաղեցնելով «Բազալտշին» արտադրական կոոպերատիվի նախագահի պաշտոնը, 2020-2021 թվականների ընթացքում, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, կեղծել է փաստաթղթերը, միաժամանակ օժանդակել է «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ.Մ.-ին՝ կատարելու գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք:
Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով տեղեկություններ են ստացվել, որ 2019 թվականի նոյեմբերի 8-ին «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև կնքվել է պայմանագիր, որով ՊՈԱԿ-ի հաշվեհամարին է փոխանցվել 156 մլն 721 հազար 600 դրամ՝ ՊՈԱԿ-ի շենքային պայմանները բարելավելու և արհեստագործական մասնաշենքի շինարարական աշխատանքները կազմակերպելու նպատակով:
Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման, ֆինանսական միջոցները տնօրինելու, պայմանագրեր կնքելու նպատակով հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Բագարանի բարիք» ՓԲ ընկերությունը, իսկ ՊՈԱԿ-ի արհեստագործական մասնաշենքի շինարարական աշխատանքների կատարման նպատակով հայտարարված մրցույթում հաղթող են ճանաչվել քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման լիցենզիա ունեցող «Բազալտշին» և «Խաչմիշշին» ընկերությունները:
2020 թվականի հունվարի 30-ին «Բազալտշին»-ի և ՊՈԱԿ-ի միջև կնքվել է 135 մլն դրամի պայմանագիր՝ կապալային աշխատանքներ իրականացնելու համար:
2020 թվականի մարտի 11-ից «Բազալտշին» արտադրական կոոպերատիվի նախագահի պաշտոնը զբաղեցրած Դ.Խ.-ն, տեխնիկական հսկողություն իրականացնող «Բագարանի Բարիք» ՓԲ ընկերության տնօրեն Ս.Մ.-ն և շինարարական որակի տեխնիկական հսկիչ Ա.Պ.-ն, խեղաթյուրելով կապալառու կազմակերպության կողմից փաստացի կատարված շինարարական աշխատանքների իրական ծավալները, ներառել են աշխատանքների կատարման մասին ուռճացված տվյալներ:
Այնուհետև, 2020 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում կազմել, ապա ստորագրել և «Բազալտշին» արտադրական կոոպերատիվի՝ ի դեմս նախագահ Դ.Խ-ի, ու «Բագարանի Բարիք» ընկերության կնիքներով կնքել են շուրջ 100 մլն դրամ արժեքի շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ վեց կատարողական կեղծ ակտեր և ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրեն Գ.Մ.-ին, այն դեպքում, երբ կապալառու կազմակերպության կողմից փաստացի կատարվել են 60 մլն դրամի շինարարական աշխատանքներ:
2023 թվականի մայիսի 4-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Դ.Խ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությանն օժանդակելը), 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, կեղծ փաստաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):
Նախաքննության ընթացքում Դ.Խ.-ի կողմից վերականգնվել է 3 մլն 501 հազար 500 դրամը, Ս.Մ.-ի կողմից՝ 114 հազար 700 դրամը:
2023 թվականի մայիսի 12-ին քրեական վարույթից անջատվել են մեղադրյալներ Գ.Մ.-ի, Դ.Խ.-ի, Ս.Մ.-ի, Ա.Պ.-ի և Ս.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթները:
2023 թվականի մայիսի 24-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Հակակոռուպցիոն դատարանում նշանակված նախնական դատալսումների ընթացքում Դ.Խ.-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետության գույքային շահերին պատճառված վնասը՝ 33 մլն 653 հազար 199 դրամը:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: