Տեսադարան

Արթուր Դավթյանի հրավերով Հայաստանում էր ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

08.02.2021 | Արթուր Դավթյանը Սյունիքում ամփոփել է մարզի դատախազության և իրավապահ մյուս մարմինների 2020թ. աշխատանքների արդյունքները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Սյունիքի մարզ՝  ամփոփելու 2020թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը և մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ քննարկելու արցախյան 44-օրյա

պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների պայմաններում մարզի բնակչության հիմնական իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման

հետ կապված ակտուալ խնդիրները:

 

Մարզի դատախազությունում անցկացված խորհրդակցությանը, որին, բացի իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարներից, մասնակցել է նաև Սյունիքի մարզպետը: Մանրամասն քննարկվել են մարզի

տարածքում հանցավորության ընդհանուր միտումները, բնակչության իրավունքների պաշտպանության առումով ստեղծված նոր մարտահրավերները, հանցագործությունների կանխման, բացահայտման ուղղությամբ իրականացված

աշխատանքը, ինչպես նաև քրեական վարույթներով դատախազական գործառույթների իրացման արդյունքները:

 

2020թ. Սյունիքի մարզում արձանագրվել է հանցա­գործության դեպքերի նվազում 5%-ով՝ 744  դեպք՝ 2019թ. 783 դեպքի դիմաց: Նվազել են հատկապես առանձնապես ծանր, ծանր և միջին ծանրության հանցա­գործու­թյունների դեպքերը:

2020թ. արձանագրվել է սպանության 1 դեպք՝ նախորդ տարվա 4 դեպքի դիմաց, սպանության փորձի դեպքեր չեն արձանագրվել, 5 դեպքով ավելացել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը՝ /13-8/:

 

Մարզում 7 դեպքով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործության դեպքերը: Նախորդ տարվա համեմատ էապես՝ մոտ 38%-ով նվազել են հատկապես բնակարանային գողությունները՝ /19-31/: Նման ցուցանիշը մեծապես

պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության, ինչպես նաև 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ երկրում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմներով

նախատեսված սահմանափակումներով, որոնց պայմաններում քաղաքացիներն ավելի քիչ են բացակայել իրենց բնակարաններից:     

 

2020թ. ընթացքում բացահայտվել է կոռուպցիոն հանցագործության 36 դեպք, ինչը 6-ով կամ 20%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Դրանով պայմանավորված՝ ավելացել է նաև հարուցված քրեական գործերի թիվը: 

 

Սյունիքի մարզում գրանցվել է ճանապարհային երթևեկության և տրանսպոր­տային միջոցների շահագործման կանոնները խախտելու 55 դեպք, գրեթե նույնքան, որքան 2019թ.-ին, սակայն մահվան ելքով պատահարներն ավելի են եղել 2-ով

/17-15):

Նկատի ունենալով պատերազմի հետևանքները հատկապես Սյունիքի մարզի տարածքում ճանապարհային հաղորդակցության ոլորտում՝ ՀՀ գլխավոր դատախազը հատկապես շեշտել է մարզկենտրոնի և հանրապետության մյուս

տարածքների հետ ՀՀ հարավային բնակավայրերի տրանսպորտային հաղորդակցության, բնակիչների երթևեկության անվտանգության ապահովման և հնարավոր պատահարները նվազագույնի հասցնելու ուղղության իրավապահ

մարմինների ջանքերի բազմապատկման անհրաժեշտությունը՝  հատկապես ոստիկանության պարեկային ծառայությունների, ՃՈ-ի կողմից ճանապարհներին երթևեկության հսկողության ուժեղացման առումով:   

           

Մարզի տարածքում 2020թ. արձանագրվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի կտրուկ ավելացում 23-ով՝ կամ գրեթե 4.5 անգամ. 2019թ.-ի 5 նման դեպքի դիմաց 2020թ.-ին արձանագրվել է 28 դեպք: Նման պատկերը

մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ Սյունիքի մարզը և հատկապես Գորիս քաղաքը, պատերազմի ողջ ընթացքում հանդիսացել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև հաղորդակցության,

լոկացիոն հիմնական հանգուցային կետը: Պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախից ապօրինի կերպով զենք զինամթերքը դեպի ՀՀ տարածք տեղափոխելու բազմաթիվ դեպքերը բացահայտվել են հենց մարզի հիմնական

մայրուղիներում տեղակայված հսկիչ կետերի կողմից իրականացվող ստուգումների արդյունքում:

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է 2021թ.-ի ընթացքում ինչպես անհրաժեշտ բացատրական աշխատանքների, այնպես էլ օպերատիվ-հետախոզական գործիքակազմի կիրառությամբ գործուն քայլեր ձեռնարկել

մարզի տարածքում բնակչության մոտ հնարավոր կուտակված ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ՝ շեշտելով այս աշխատանքի կարևորությունը հատկապես հանրապետությունում ներքին անվտանգության

ապահովման, հրազենի կամ այլ զինատեսակների կիրառմամբ հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից:

 

Ընդհանուր առմամբ գլխավոր դատախազը գոհունակություն է հայտնել 2020թ.-ի՝ հատկապես Սյունիքի մարզի համար ծանրագույն տարվա ընթացքում, արտակարգ դրության, ռազմական դրության պայմաններում, դեպի Արցախ և

հակառակ ուղղությամբ տրանսպորտային, տեխնիկական միջոցների և մարդկանց աննախադեպ հոսքի պայմաններում մարզում օրինապահության, հասարակական կարգի ապահովման  ուղությամբ իրավապահ մարմինների մարզային

կառույցների կատարած աշխատանքը: Արթուր Դավթյանը նշել է, որ 2021թ. բացարձակ առաջնահերթություն է մարզի բնակչության բնական կենսագործունեության, հատկապես սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակչության

անվտանգության ապահովումը, կյանքի, ազատ տեղաշարժի և կենցաղավարման հիմնարար իրավունքների երաշխավորումը՝ այդ նպատակով սերտորեն համագործակցելով ինչպես հանրապետական, այնպես էլ հատկապես համայնքային

մարմինների և մարզում ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահ ուժերի ստորաբաժանումների հետ:         

 

Ելնելով առանձին հանցատեսակներով նախորդ տարվա ընթացքում արձանագրված միտումներից՝ ՀՀ գլխավոր դատախազը կոնկրետ հանձնարարություններ է տվել նաև քրեական վարույթներով իրականացվող նախնական քննության

օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: