Այսօր տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազության և նրա ստորաբաժանումների ներքին համակարգչային ցանցի շնորհանդեսը:
Ցանցի ստեղծումը իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ` ՄԱԶԾ «Թրաֆիքինգի դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում, «Արմինկո» ՓԲԸ-ի կողմից՝ 2008թ օգոստոս–2009թ մարտ ամիսներին: Ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է ՀՀ դատախազության ներքին ցանցի միացումը ՀՀ ոստիկանության տեղեկատվական բազային:
Համակարգչային ներքին ցանցի ստեղծումը ՀՀ գլխավոր դատախազությանը հնարավորություն կընձեռի ապահովել սերտ համագործակցություն դատախազության ստորաբաժանումների, ինչպես նաև դատախազության և իրավապահ այլ գերատեսչությունների միջև` նպաստելով օպերատիվ տեղեկատվության օպերատիվ փոխանակմանը, մշակմանը:
«Ներքին ցանցի ստեղծմամբ մենք կատարեցինք մեկ քայլ առաջ քրեական գործերով նախաքաննության օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու, նախաքննության ժամկետները կրճատելու ուղղությամբ, քանզի այս ծրագիրը թույլ կտա ավելորդ ժամանակ չվատնել գրագրության վրա»,-ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը՝ նշելով, որ աշխատանքի արդյունավետությունն ավելի կբարձրանա, երբ դատախազության ներքին ցանցը միանա ոստիկանության տեղեկատվական բազային:
«Էլեկտրոնային կապի ներդրումն այսօր արդեն խիստ անհրաժեշտություն է կազմակերպված հանցավորության, մասնավորապես՝ թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանց հետ առնչվող մյուս հանցագործությունների դեմ մղվող պայքարի արդյունավետության բարձրացման գործում»,- ասաց ՄԱԶԾ ծրագրերի ղեկավար տկն. Նարինե Սահակյանը: Նա նաև հույս հայտնեց, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ստեղծել ստանդարտացված և ներդաշնակ հաղորդակցության համակարգ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ ոստիկանության միջև` արագացնելով փաստաթղթերի շրջանառությունը: