21.12.2018 | ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրությամբ հեղուկ, սեղմված գազի, շարժական լցավորման կայանների շահագործման ոլորտում հայտնաբերված խախտումներով տասնյակ վարչական և քրեական վարույթներ են հարուցվել

Դեռևս 2018թ. փետրվարի 28-ին տեղեկացվել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվում է արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, շարժական լցավորման կայանների շահագործման տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահպանման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:

 

Հաշվի առնելով, որ շարժական գազալցակայանների շահագործման գործընթացը անմիջականորեն առնչվում է քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության հարցերին, ՀՀ դատախազության ստորաբաժանումների` Երևան քաղաքի և ՀՀ բոլոր մարզերի դատախազությունների կողմից հանձնարարականներ են ուղարկվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ՀՀ ոստիկանության և «Ճանապարհային ոստիկանության», ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տարածքային մարմիններին՝ ապօրինի /չգրանցված/, փորձաքննություն չանցած կամ անօրինական վերասարքավորված գազի շարժական լցավորման կայաններ շահագործող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայտնաբերելու, դրանց շահագործումը արգելելու, ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերի խախտումների դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության հարցերը լուծելու նպատակով:

 

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մինչև 2018թ. հանրապետության տարածքում տարբեր ժամանակահատվածներում փաստացի շահագործվող թվով 193 շարժական գազալցակայաններից 63-ը սահմանված կարգով որպես արտադրական վտանգավոր օբյեկտ ռեեստրում գրանցում չեն ունեցել:

 

45 դեպքերում գազի շարժական լցավորման կայանները սահմանված կարգով չեն անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն, իսկ 12 դեպքերում գրանցված չեն եղել ՀՀ ԿԱ ՊԵԿ մարմիններում:

 

Ուսումնասիրության արդյունքում, արձանագրված խախտումների կապակցությամբ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից 60 դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ:

 

Վարչական վարույթներով 32 անձինք ենթարկվել են տուգանքի, որի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 35 մլն դրամ:

 

Գրանցում չունեցող 12 դեպքերի վերաբերյալ հանձնարարականներ են ուղարկվել ՀՀ ԿԱ ՊԵԿ մարմիններին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

 

Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների փաստերի առթիվ հարուցվել են 4 քրեական գործեր:

 

Բացի այդ, արձանագրված խախտումների կապակցությամբ միջնորդագրեր են ուղարկվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին` արձանագրված խախտումների, դրանց պատճառների և նպաստող պայմանների վերացման, ոլորտի հստակ իրավական կարգավորման հարցերը քննարկելու համար:

ՀՀ գլխավոր դատախազի 2018թ հակիրճ ամփոփումն ու ամանորյա ուղերձը

Связь с нами

Республика Армения г. Ереван, 0010 ул. В. Саргсяна 5

Тел: +374 (10) 511-650

Факс: +374 (10) 511-646

Эл. почта: info@prosecutor.am