Սահմանադրական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումը

ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա քննության առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.2-րդ մասի 2-րդ կետի և 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը, 2017թ. մարտի 28-ի ՍԴՈ-1359 որոշմամբ՝
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.2-րդ մասի 2-րդ կետում և 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «եզրափակիչ մասում» բառակապակցությունները ճանաչել է ՀՀ Սահմանադրության /2015թ փոփոխություններով/ 1-ին, 3, 4, 61, 63, 75, 79 և 80-րդ հոդվածների և ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 93-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր, քանի որ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված բովանդակության շրջանակներում նման ձևակերպման առկայությունը, նոր հանգամանքի հետ չկապված վճռաբեկ բողոք բերելիս, վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձին հնարավորություն չի տալիս իր դիրքորոշումը հիմնավորելու համար վկայակոչել սահմանադրական դատարանի որոշման այլ մասերում (բացի եզրափակիչ մասից) արտահայտված՝ իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող իրավական դիրքորոշումները, ինչը հաշվի պետք է առնվի բողոքը քննելիս:

 

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ» դրույթում «եզրափակիչ մասում» բառակապակցությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 93-րդ և 103-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով դրա առկայության պայմաններում ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից օրենքով սահմանված կարգով նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքի շրջանակներում Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասում ամրագրված՝ իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող իրավական դիրքորոշումները դատական պրակտիկայում հիմք չեն ընդունվում բողոքի ընդունելության և քննության շրջանակներում:

 

Սահմանադրական դատարանը վերահաստատելով իր որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների իրավաբանական բնույթի վերաբերյալ մոտեցումները՝ արձանագրել է, որ այդ դիրքորոշումների իրավական հետևանքը պայմանավորված չէ դրանց՝ սահմանադրական դատարանի որոշման այս կամ այն մասում ամրագրված լինելու փաստով:


Ինչպես հայտնվել էր ավելի վաղ՝ նկատի ունենալով անձանց խախտված իրավունքների վերականգման և ՀՀ Սահմանադրության անմիջական գործողության ապահովման կառուցակարգերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների իրավաբանական բնույթն ու ինքնուրույն դատավարական արժեքը, ՀՀ գլխավոր դատախազը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ որոշելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.2-րդ մասի 2-րդ կետի և 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթների՝ համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանն այնքանով, որքանով դրանք վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի (վճռաբեկ դատարանի որոշումն էական նշանակություն կարող է ունենալ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու համար) առկայությունը փաստարկելիս հնարավորություն չեն տալիս վկայակոչել և այդ կապակցությամբ դիրքորոշումը հիմնավորել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասից բացի, նաև նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումներով, ինչպես նաև 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթի համապատասխանությունն այնքանով, որքանով այն սահմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշումները չի համարում դատական ակտը վերանայելու և վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու հիմք հանդիսացող նոր հանգամանք:

 

Դիմումում փաստարկվել էր, որ նշված դրույթներով սահմանված իրավակարգավորումը չի բխում ՀՀ Սահմանադրական դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակից, անհամաչափորեն սահմանափակում է սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության (hոդված 61), դատարանի մատչելիության (hոդված 63), դատական ակտի վերանայման` (hոդված 69) իրավունքները, չարդարացված խոչընդոտներ առաջացնում անօրինական և անհիմն դատական ակտերը բողոքարկելու՝ ՀՀ դատախազության լիազորության իրականացման համար:

 

«Հանցանքի հետքով». Գևորգ Բաղդասարյան

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am