02.08.2019 | Պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ զինվորական դատախազության կողմից իրականացված աշխատանքի արդյունքում բացահայտվել է պետությանը պատճառված մոտ 9.7մլրդ դրամի վնաս

ՀՀ զինվորական դատախազությունն ամփոփել է իր իրավասության շրջանակներում պետական շահերի պաշտպանության բնագավառում 2019թ․առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։

 

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է 188 ուսումնասիրություն, որը քանակական առումով 20-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները։ Ուսումնասիրություններից 102-ի դեպքում հայտնաբերվել են խախտումներ, որոնց վերացման կամ իրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության կոնկրետ համապատասխան միջոցներ: Մասնավորապես՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հարուցվել է 20 քրեական գործ։

 

Նշանակալի արդյունքներ են արձանագրվել հատկապես պետական շահերի պաշտպանության գործառույթից բխող դատախազական գործիքակազմի կիրառմամբ զինված ուժերում պետությանը պատճառված վնասի բացահայտման և վերականգնման ոլորտում: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 9մլրդ 752 մլն ՀՀ դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում զինված ուժերում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթների շրջանակում բացահայտված վնասի չափը կազմել է մոտ 264 մլն դրամ, այսինքն այս տարվա արդյունքներից մոտ 37 անգամ պակաս:  

 

2019թ. առաջին կիսամյակում վերականգնվել է պետությանը պատճառված 321.4մլն ՀՀ դրամ վնաս, այն դեպքում, երբ 2018թ. նույն ժամանակահատվածում վերականգնման ցուցանիշը կազմել է 60.8մլն դրամ կամ 5.2 անգամ պակաս:

 

Հատկանշական է, որ այս տարվա ընթացքում վնասի գրեթե ողջ վերականգնումն իրականացվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով պետական շահերին հասցված վնասը կամովին հատուցելու մասին տրված 12 նախազգուշացումների արդյունքում, և դատախազական ներգործության այլ միջոցների կիրառման անհրաժեշտություն չի առաջացել։ Պետությանը պատճառված չվերականգնված վնասների գերակշռող մասի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն։

 

Պետական շահերի պաշտպանությանն առնչվող բոլոր դեպքերում ձեռնարկվել են անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ և ստուգողական գործողություններ։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am