30.04.2019 | ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը:

 

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված ջերմ բարեկամական հարաբերությունները, որոնք իրենց դրսևորումն են գտել նաև երկկողմ իրավական փոխգործակցության ոլորտում:

 

Չեխական պատվիրակության ղեկավար Մարեկ Բենդան, իր հերթին արժևորելով եկկողմ բազմաշերտ հարաբերությունների զարգացումը, համոզմունք է հայտնել, որ պատվիրակության այցը Երևան կնպաստի Հայաստանի պետական կառավարման ոլորտում և հատկապես դատաիրավական համակարգում իրականացվող գործընթացների վերաբերյալ Չեխիայի խորհրդարանում հնարավորինս ամբողջական պատկերացումների ձևավորմանը:  

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հատկապես նախորդ տարի տեղի ունեցած հասարակական-քաղաքական արմատական փոփոխություններից հետո Հայաստանի դատաիրավական ոլորտում ընթացող բարեփոխումների, անցումային արդարադատության գործիքակազմի ներդրման, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներին առնչվող հարցեր:

 

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ նախորդ տարիներին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել Հայաստանի քրեական դատավարության իրավակիրառ պրակտիկան եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի զարգացմանը համահունչ դարձնելու, այդպիսով մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներն ուժեղացնելու ուղղությամբ:

 

Արթուր Դավթյանը նշել է, որ կոռուպիցիայի դեմ ակտիվացած պայքարի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է իրավապահ մարմինների նկատմամբ հասարակական վստահության մակարդակի բարձրացմամբ և քրեական հետապնդման մարմինների դրսևորած պրոֆեսիոնալիզմով: Վերջինս թույլ տվեց հանրային պահանջների զգալի մեծացման պայմաններում պահպանել իրավական հավասարակշռությունը և մնալ Հայաստանի ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների շրջանակներում: Այս պայքարի հիմնական արդյունքներից մեկը, ըստ գլխավոր դատախազի, այն է, որ ինչպես հանրության, այնպես էլ պաշտոնատար անձանց շրջանում արմատավորվում է առանց որևէ խտրականության կատարած հանցանքին համարժեք պատժի անխուսափելիության և օրենքի առջև բոլորի հավասարության գիտակցումը: Այս համատեքստում Արթուր Դավթյանը կարևորել է նաև միջազգային համագործակցությունը՝ հատկապես իրականացվող քրեական հետապնդումների շրջանակներում գործընկեր երկրներից անհրաժեշտ տեղեկությունների, փաստաթղթերի ստացման, հանցանք կատարած անձանց հանձնման և այլ գործընթացների տեսանկյունից:

 

Պատասխանելով անցումային արդարադատության հնարավոր մոդելների կիրառմանն առնչվող պատվիրակության ղեկավարի հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ խոսքը վերաբերում է կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական վարույթների շրջանակներում պարզված՝ պետության հափշտակված միջոցների, գողացված ակտիվների փնտրման, հետախուզման իրավական մեխանզիմների ստեղծմանը՝ հաշի առնելով, որ ներկայումս գործող իրավակարգավորումներն այս առումով որոշակի արգելքներ են ստեղծում: ՀՀ գլխավոր դատախազը հավաստիացրել է, որ ցանկացած լուծում բխելու է անձանց սեփականության սահմանադրական իրավունքի պաշտպանության, ինչպես նաև հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման սկզբունքներից:

 

 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am