29.04.2019 | <<Արթիկ>> ՔԿՀ-ում արգելված առարկաների ապօրինի շրջանառության մտահոգիչ իրավիճակի կապակցությամբ Շիրակի մարզի դատախազը դիմել է ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության պետին

ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման  կամ հսկողության ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ <<Արթիկ>> ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկում շարունակում են արձանագրվել արգելված առարկաների ապօրինի շրջանառության դեպքեր: Վերջինս նպաստավոր պայմաններ է ստեղծում քրեակատարողական հիմնարկում պահվող որոշ անձանց կողմից կապի միջոցով հանցագործություններ պլանավորելու և կատարելու համար:

 

Մասնավորապես ներկայումս նախաքննության փուլում գտնվող յոթ քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ  ՔԿՀ կալանավորված անձինք կամ դատապարտյալները, գտնվելով նախնական կալանքի տակ կամ պատժի կրման մեջ, տևական ժամանակ պահել և շահագործել են բջջային հեռախոսներ և հեռախոսահամարներ, որոնց միջոցով, պլանավորել, կազմակերպել ու կատարել են թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախություն, սպառնացել են գործով անցնող անձանց և խոչընդոտել են վերջիններին ցուցմունք տալու նպատակով ներկայանալ վարույթն իրականացնող մարմին:

 

Ուսումնասիրությունները փաստում են, որ չնայած մի շարք դեպքերում ՔԿՀ ծառայողները խցերից չեն կարողացել հայտնաբերել բջջային հեռախոսները, օգտագործված հեռախոսահամարների քարտերը, կամ նշել են, թե դրանք կոտրվել ու դեն են նետվել, սակայն պարզվել է, որ դրանք շարունակվել է օգտագործվել կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից, ինչը հաստատվել է  քրեական գործերի նախաքննության ընթացքում կրկնակի ստացված վերծանումներով: Երբեմն էլ շահագործված հեռախոսահամարների վերծանումների զննությամբ պարզվել է, որ մեկ հեռախոսում օգտագործվել են մի քանի կալանավորված անձանց մտերիմների անուններով հաշվառված հեռախոսահամարներ, ինչը վկայում է, որ բջջային հեռախոսը փոխանցվել է խցից խուց, որն առանց աշխատակիցների օժանդակության և թողտվության հնարավոր չէր իրականացնել:

 

Մի շարք դեպքերում պարզվել է, որ բջջային հեռախոսները և քարտերը կալանավորված անձին կամ դատապարտյալին են հասել հանձնուքների միջոցով կամ տեսակցությունների ընթացքում, ինչը վիրպել է ծառայողների տեսադաշտից: Իսկ տեսակցություններից հետո կալանավորված անձանց ու դատապարտյալների անձնական խուզարկությունները փաստացի կրել են ձևական բնույթ կամ ընդհանրապես չեն կատարվել:

 

Այսինքն քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում անձանց կողմից արգելված առարկա հանդիսացող բջջային հեռախոսների ձեռքբերումն ու օգտագործումը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների, համապատասխան իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ անփույթ և անպատասխանատու վերաբերմունքի դրսևորման հետևանք են: Ընդ որում՝ քրեակատարողական հիմնարկում արձանագրված խախտումները և բացթողումները տեղի են ունեցել ակներևության պայմաններում, կրել են շարունակական բնույթ, ինչը հիմք է տալիս ողջամտորեն ենթադրելու, որ պաշտոնատար անձանց անգործությունն իր մեջ կարող է պարունակել նաև կոռուպցիոն ռիսկեր՝  հանդիսանալով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք:

 

Հաշվի առնելով առկա մտահոգիչ իրավիճակը՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին՝ նշված խախտումների և բացթողումների պատճառները պարզելու, հետագայում նմանատիպ երևույթները բացառելու ուղղությամբ գործուն, առարկայական միջոցներ ձեռնարկելու, իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության  հարցը լուծելու և արդյունքների մասին ՀՀ Շիրակի մարզի դատախազությանը տեղեկացնելու միջնորդագրով:

 

Մարզի դատախազը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախկինում ևս ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավարությանը միջնորդություններ ու միջնորդագրեր են հասցեագրվել նույն քրեակատարողական հիմնարկում արգելված առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ: Սակայն դատելով վերոնկարագրյալ իրավիճակից՝ արգելված առարկաների ներթափանցման ուղիները բացահայտելուն, մեղավոր անձանց հայտնաբերելուն և նրանց նկատմամբ համապատասխան ներգործության միջոցներ կիրառելուն ուղղված արդյունավետ գործնական քայլեր չեն ձեռնարկվել:

 

Նշենք, որ վերը նշված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերով կձեռնարկվեն նաև քրեադատավարական միջոցներ՝ պատասխանատուների արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով: 

Գործարկվել է կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am