22.03.2019 | Վախճանվել է Հայկական ԽՍՀ երկարամյա դատախազ Սուրեն Օսիպյանը. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական ուղերձ է հղել

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ 89 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել Հայաստանի դատախազական համակարգի ամենահեղինակավոր դեմքերից մեկը, ականավոր իրավաբան, իր անձով և տեսակով դատախազության գրեթե երկու տասնամյակի պատմությունն ամփոփող, 1971 թվականից  մինչև 1988 թվականը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրած Սուրեն Արտաշեսի Օսիպյանը:

 

Սուրեն Օսիպյանը ծնվել է 1930 թվականին, Ադրբեջանի Նուխի քաղաքում, ծառայողի ընտանիքում։

 

1947 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է հիշյալ ֆակուլտետի ասպիրանտուրա՝ պետական իրավունքի մասնագիտացմամբ։

 

1959 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու: 1960 թվականին ստացել է դոցենտի, իսկ 1998 թվականին՝ պրոֆեսորի կոչում, 1953-1971թթ. դասավանդել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: Եղել է նույն ֆակուլտետի պետական և վարչական իրավունքի ամբիոնի վարիչ, ապա ֆակուլտետի դեկան։

 

1969-1990թթ. աշխատել է նաև ՀԽՍՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում, հանդիսացել է վերջինիս գիտական խորհրդի անդամ:

 

Ս. Օսիպյանը եղել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության չորս համագումարների պատգամավոր, ընտրվել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի չորս գումարումների պատգամավոր։

 

1989 թվականից աշխատել է ԵՊՀ բարձրագույն դպրոցի գիտահետազոտական կենտրոնում, 1991 թվականից՝ Երևանի Հայկական բաց համալսարանում ղեկավարել է իրավական գիտությունների ամբիոնը։

 

17 տարի և 10 ամիս Ս. Օսիպյանը զբաղեցրել է հայկական ԽՍՀ դատախազի պաշտոնը, ինչն աննախադեպ է ընդհանրապես ԽՍՀՄ դատախազների և դատախազությունների պատմության մեջ։ Այս հանգամանքը խոսում է Ս. Օսիպյանի՝ ոչ միայն բարձր մասնագիտական հատկանիշներով օժտված անհատականություն լինելու, այլ նաև իբրև այդպիսին Խորհրդային Միության մասշտաբով մեծագույն հարգանք ու պատկառանք վայելելու մասին:

 

Այդ է վկայում նաև հանգամանքը, որ 1993 թվականից Ս. Օսիպյանն աշխատել է ՌԴ գլխավոր դատախազության ակադեմիայի կազմում գտնվող օրինականության և իրավակարգի ամրապնդման գիտահետազոտական ինստիտուտում, միաժամանակ հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազության լիազոր ներկայացուցիչը Մոսկվայում, ԱՊՀ երկրների դատախազությունների կազմակերպչական խորհրդում։

 

Այդ ինստիտուտի գիտական խորհրդի կողմից Ս. Օսիպյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և սահմանադրական իրավունքի պրոֆեսորի կոչում։

 

1971 թվականին ստանձնելով Հայկական ԽՍՀ դատախազի պաշտոնը, Ս. Օսիպյանը չի խզել իր կապը ԵՊՀ-ի և ՀԽՍՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի հետ, եղել է դրանց գիտական խորհրդի անդամ, 17 տարի հանդիսացել է ԵՀՊ իրավաբանական ֆակուլտետի պետական քննական հանձնաժողովի նախագահը։  Զբաղվել ակտիվ գիտամանկավարժական գործությամբ՝ դառնալով 9 մենագրության և ավելի քան 80 գիտական աշխատանքների հեղինակ։ Իր երկարամյա անբասիր գործունեության ընթացքում արժանացել է համամիութենական և հանրապետական բազմաթիվ կոչումների և շքանշանների:

 

Որպես ՀԽՍՀ դատախազ՝ Ս. Օսիպյանն աչքի է ընկել ընդգծված սկզբունքայնությամբ, դատախազական համակարգի դիրքերը պետական կառավարման համակարգում ամրապնդելուն, դատախազական գործունեության արդյունավետության բարձրացմանը, կառուցվածքային, գործառույթային բարեփոխումներին ուղղված լրջագույն նախաձեռնություններով: Նրա օրոք ՀԽՍՀ դատախազության հեղինակությունը ԽՍՀՄ դատախազության համակարգում էականորեն բարձրացել  է և հատկապես օրենքների կատարման նկատմամբ դատախազական հսկողության, քննչական աշխատանքի, դատարաններում մեղադրանքի պաշտպանության և այլ ուղղություններով լուրջ ցուցանիշներ են արձանագրվել:

 

Լինելով խստապահանջ ղեկավար՝ մեծ ուշադրություն էր դարձնում կադրերի պատրաստմանը, ընտրությանը և առաջխաղացմանը՝ միաժամանակ հոգատարություն դրսևորելով աշխատակիցների աշխատանքային, կենցաղային պայմանների բարելավման խնդիրների լուծման հարցերում։

 

 Նրա ղեկավարմամբ և անմիջական մասնակցությամբ  ընդունված որոշումները ոչ միայն ուղեցույցային և ծրագրային նշանակություն ունեին, այլև վերածվում էին ուսուցման յուրահատուկ միջոցի՝ դատախազության աշխատակիցներին սերմանելով մասնագիտական պարտքի խորը ըմբռնում և նվիրում պետությանն ու աշխատանքին:

 

Ավանդապաշտությունն ու իրավական մտքի զարգացման միտումները համադրելու, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և լավագույն լուծումները գտնելու նրա ունակությունը, աշխատանքային  ձեռագիրը շատերի համար էր ուսանելի։

 

Անգնահատելի է Ս. Օսիպյանի  ներդրումը պետաիրավական համակարգի ամրապնդման, իրավաբանության զարգացման, իրավաբանների սերունդների կրթման ասպարեզում, որոնք առանձնացնում են նրան իբրև պետական մտածողությամբ օժտված, սկզբունքային, բարեխիղճ և իր գործին ու առաքելությանը նվիրված բարձր պրոֆեսիոնալի։

 

Ավագ գործընկերոջ, մեծ գիտնական-մանկավարժի, խոշոր անհատականության ծանր կորստի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր և ՀՀ դատախազության անունից խորը ցավակցություն է հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա հետ աշխատած, նրան ճանաչող բոլոր անձանց:

 

 

Ս. Օսիպյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12.30-ից 13.30-ը՝ Մոսկվայի Օլիմպիական պողոտայում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ Մոսկվայի հայկական տաճարային համալիրի Սբ. Պայծառակերպություն Մայր եկեղեցում:

 

 

Ռ. Քոչարյանի պաշտպանները գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում ունեն. գլխավոր դատախազ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am