22.01.2019 | Ընդհանուր ավելի քան 8.5մլն դրամը գերազանցող վնասի պատճառմամբ ապօրինի անտառահատման դեպքեր Սյունիքի մարզում

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում 2019թ. հունվարի 9-ին  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի երկու և Մեղրիի մեկ բանկիչ Հալիձոր բնակավայրին հարակից տարածքում գտնվող «Գորիսի» անտառպետության 5-րդ պահաբաժնից ապօրինի հատնել են տարբեր տրամաչափերի ընկուզենիներ:

 

Դեպքի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչը 2018թ. սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում «Սյունիք անտառտնտեսություն» մասնաճյուղի «Գորիս» անտառպետության պահաբաժիներից մեկի անտառամասում ապօրինի հատել է 14 ընկուզենի, 4 բոխի, 2 թխկի և 1 կեռասենի արգելված ծառեր՝ բնությանը պատճառելով առանձնապես խոշոր՝ ընդհանուր 3.981.000 ՀՀ դրամի վնաս:

 

Հատված ընկուզենիներն անտառամասից ձիով դուրս է բերվել Հալիձորի «Կալ» կոչվող տեղանք,  ավտոմեքենայով տեղափոխվել Կոտայքի մարզի Բալահովիտ բնակավայր՝ «ՍԷԿՆԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ տարածք:

 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնող, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի ցուցումով հունվարի 21-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել քննիչին:

 

Ավելի վաղ՝ հոնվարի 11-ին,  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված գրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ճակատենի անտառպետության պահաբաժնիններից մեկի անտառամասում ապօրինի ծառահատմամբ բուսական աշխարհին պատճառվել է 4․639․500 դրամի վնաս:

 

Մասնավորապես՝ 2018թ. նոյեմբերի 21-ին «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Կապանի բաժին են ստացվել անտառխախտման մի քանի արձանագրություններ, համաձայն որոնց նույն մասնաճյուղի Ճակատենի անտառպետության պահաբաժնի  անտառամասերում հատվել են ընդհանուր 66 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների մասնակցությամբ կատարվել են դեպքի վայրի զննություններ, արձանագրվել է ծառերի ապօրինի հատումը, ինչպես նաև ճշտվել  են տարածքի կոորդինատները։

 

2018թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության Կապանի բաժնում փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչություն և քննիչի կողմից ընդունվել է վարույթ:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հանցավորության դեմ պայքարի ռազմավարություն

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am