03.08.2018 | 46 ուսումնասիրություն, հարուցված 25 քրեական գործ, 36 հայց. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության գործունեության կիսամյակային արդյունքները

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի պարզման շրջանակներում ՀՀ գլխավոր դատա­խա­զու­թյան պետական շահերի պաշտպանության վարչու­թյունը 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ իրականացրել է 46 ուսումնասիրություն: Դրանց համար հիմք են հանդիսացել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական բաժնեմասով կազմակերպությունների՝ պետության գույքային շահերին առնչվող հայցերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը, պետական մարմինների հաղորդումները, ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունները, ՀՀ դատախազության աշխատանքի ծրագրերը, ԶԼՄ հրապարակումները, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումները:

 

ՈՒսումնասիրությունների արդյունքներով պետական մարմիններին ներկայացվել է 16 միջնորդագիր՝ պետությանը պատճառված ընդհանուր շուրջ 1 մլրդ. 93 մլն. դրամի վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու՝ անհրաժեշտության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, պետական միջոցների ստացման, արդյունավետ օգտագործման գործընթացում արձանագրված խախտումների, բացթողումների վերացման վերաբերյալ:

 

Ի թիվս այլոց՝ միջնորդագրեր ներկայացվել են ընդերքօգտագործող տնտեսվարող սուբյեկտների կողմից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ներդրումներ կատարելու,  շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարումներ կատարելու, ընդերքօգտագործողների կողմից պետական տուրքի գծով վճարումներ կատարելու վերաբերյալ:

 

Բացի այդ, ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման  գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր մոտ 1 մլրդ 966 մլն դրամի չափով պարտավորությունների չկատարման փաստեր, ինչի կապակցությամբ ձեռնարկվում են դատախազական ներգործության միջոցներ, այդ թվում՝ արդեն իսկ միջնորդագիր է ներկայացվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, հարուցվել է 1 քրեական գործ՝ կանխամտածված սնանկության հատկանիշներով պետությանը շուրջ 148 մլն. դրամի չափով վնասի պատճառման փաստով:

 

 

ՈՒսումնասիրությունների ընթացքում դատախազության նախաձեռնությամբ կամովին վերականգնվել է պետությանը պատճառված 31.573.759 դրամ վնաս:

 

Այս կապակցությամբ ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից պարտավորությունը չկատարած տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվել են ողջամիտ ժամկետում պարտավորությունները կատարելու նախազգուշացումներ: Բացի դրանից՝ համապատասխան գրություններով վարչությունը դիմել է նշված ոլորտներում վերահսկողության լիազորություններով օժտված իրավասու պետական մարմիններին տնտեսվարողների կողմից պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և դրանց վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունն ստանալու համար:

 

Հայտնաբերված մի շարք խախտումների կապակցությամբ Վարչության դատախազների կողմից հարուցվել է 13 քրեական գործ: Դրանցով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 1 մլրդ. 917 մլն. դրամ: 23 դեպքով ուսումնասիրությունների արդյունքները՝ պետությանը պատճառված ընդհանուր 525 մլն. 988 հազ. դրամ վնասի վերաբերյալ, ուղարկվել են  քննչական մարմիններ, որտեղ դրանցով հարուցվել է 12 քրեական գործ: Այսինքն միայն ՀՀ գլխավոր դատա­խա­զու­թյան պետական շահերի պաշտպանության վարչու­թյան կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 2 մլրդ. 442 մլն. 807 հազ. դրամ:

 

  Մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու և պաշտոնական անփութություն կատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է 4 քրեական գործ:

 

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու առերևույթ հանցագործության հատկանիշներով մեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով:

 

Նույն հատկանիշներով երկու քրեական գործ է հարուցվել ՀՀ ֆինանսների նախարարության «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ում /լուծարված/ և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում, մեկը՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, երկուսը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում ապօրինի ընդերքօգտագորման և հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու հետևանքով շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու փաստերի կապակցությամբ:

 

Պաշտոնական անփութություն կատարելով ծանր հետևանքներ առաջացնելու և մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով մեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ մշակույթի նախարարությունում արձանագրված խախտումների արդյունքներով:

 

Պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով մեկ քրեական գործ հարուցվել է Եղվարդ համայնքում նավթավերամշակման գործարանի կառուցման գործընթացում արձանագրված խախտումների փաստի առթիվ:

 

Վերոնշյալից բացի, յուրացման կամ վատման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով մեկ քրեական գործ հարուցվել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների կապակցությամբ:

 

2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում քաղաքացիական դատավարության կարգով դատարանի կողմից բավարարվել է 12.243.764 դրամի մեկ հայցադիմում, ևս 36 հայցի  դատաքննություն՝ ընդհանուր 716.707.850 դրամ հայցապահանջով, դեռևս ընթացքի մեջ է:

 

Նախորդ ժամանակաշրջանում բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 3.663.924 դրամ:

ՀՀ դատախազությունը նշում է հիմնադրման 100-ամյակը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am