07.04.2018 | «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում տևականորեն խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

 

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում 2018թ. մարտի 29-ին ստացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ս.Վալկոյի հաղորդումն այն մասին, որ նույն ընկերությունում անցկացված՝ աշխատողների աշխատանքի վարձատրման սկզբնական փաստաթղթերի ստուգմամբ պարզվել է, որ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի շարժակազմի տնօրինության աշխատանքի կազմակերպման և նորմավորման, ինչպես նաև կադրերի գծով երկու աշխատակիցներ կատարել են հափշտակություններ:

 

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ 2014թ. ապրիլին Գյումրու լոկոմոտիվային դեպոյի  աշխատակիցներից մեկը  աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, սակայն կադրերի գծով մասնագետ Ա. Շ.-ն, խարդախությամբ գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով աշխատանքի կազմակերպման և նորմավորման գծով առաջատար ինժեներ Ա. Ա.-ի հետ, նշված դիմումը չի ձևակերպել, այդ աշխատակցին չի հանել հաստիքացուցակից: Համապատասխան փաստաթղթերում կեղծ տվյալներ մտցնելով վերջինիս աշխատանքի հաճախելիության վերաբերյալ ՝ Ա. Ա.-ն դրանք ներկայացրել է հաշվապահություն, ինչի հիման վրա այդ աշխատակցի անվամբ 2014թ. ապրիլից մինչև 2018թ. հունվարը դուրս է գրվել 5 520 373 ՀՀ դրամ: Ա, Շ.-ն և Ա. Ա.-ն, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, խարդախությամբ հափշտակել են նշված առանձնապես խոշոր չափի գումարը:

 

Նույն եղանակով, հաշվապահական փաստաթղթերում կեղծիքներ կատարելու միջոցով, վերջիններս, օգտագործելով պաշտոնեական դիրքը, խարդախությամբ հափշտակել են 2016թ. հունիսին աշխատանքից ազատված Գյումրու լոկոմոտիվային դեպոյի  մեկ այլ աշխատակցի անվամբ 2016թ. հունիսից մինչև 2018թ. հունվարը դուրս գրված  առանձնապես խոշոր չափի՝ 4 326 906 ՀՀ դրամը:

 

 Պարզվել է նաև, որ Ա. Ա.-ն, նախնական համաձայնության գալով Գյումրու լոկոմոտիվային դեպոյի թվով 10 աշխատակիցների հետ խարդախությամբ գումարներ հափշտակելու շուրջ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատավարձերի վճարման հիմք հանդիսացող հաշվապահական փաստաթղթերում կատարել է կեղծ գրառումներ. նշված աշխատակիցների անվամբ 2014-2018 թվականների ընթացքում ձևակերպել է աշխատաժամերի հավելագրումներ, կեղծված փաստաթղթերը ներկայացրել է հաշվապահություն, որոնց հիման վրա ստացված  խոշոր չափի 800 000 ՀՀ դրամը խարդախությամբ հափշտակվել է Ա. Ա.-ի և նշված աշխատակիցների կողմից:

 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված առերևույթ հանցագործությունների հատկանիշների մասին վկայող բավարար տվյալներ՝ նշված դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Նախաքննության համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Զինդատախազությունն ամփոփել է աշխատանքի արդյունքները

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am