06.02.2018 | «Գյումու պետական քոլեջ»-ում ապօրինի կերպով պետական նմուշի դիպլոմներ տրամադրելու դեպքեր են բացահայտվել. նոր քրեական գործ է հարուցվել

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել «Գյումրու պետական քոլեջ»-ի աշխատակիցների կողմից  պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքի կապակցությամբ:      

 

ՌԴ բնակիչներ Ի. Ռ.-ն և նրա կինը`  Ա. Բ.-ն, նախնական համաձայնությամբ, վերջինիս դստերը «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում  ընդունելու, ընթացիկ և ավարտական քննություններին դրական գնահատականներ ապահովելու և մասնագիտական որակավորման փաստը հավաստող դիպլոմ ստանալու նպատակով 2015-2016 թվականների ուս. տարվա ընթացքում առձեռն և բանկային փոխանցումների միջոցով նույն կազմակերպության աշխատակցին և արհեստակցական միության նախագահին, որպես կաշառք, մաս-մաս փոխանցել են առանձնապես խոշոր չափերի հասնող` 140.000 ՀՀ դրամ և 2100 ԱՄՆ դոլար գումարներ: Վերջինս իր հերթին, օգտագործելով տվյալ կազմակերպությունում ունեցած իր լիազորությունները, նշված անձի օգտին գործողություններ կատարելու նպատակով`  ապօրինի պահանջել և ստացել է այդ գումարները, որից հետո նույն նպատակով ներկայացրել է ևս 500 ԱՄՆ դոլար գումար ստանալու պահանջ: Արդյունքում ՌԴ-ում բնակվող և հայերեն գրավոր լեզվին բավարար չափով չտիրապետող, ուսումնառության տարիներին ՀՀ տարածքից բացակայած անձն ընդունվել է նշված ուսումնական հաստատություն, մասնակցել դասապրոցեսին և ստացել դրական քննական գնահատականներ:

 

Դեպքի կապակցությամբ 2017թ. հոկտեմբերի 16-ին Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական  օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

 

2017թ. հոկտեմբերի 24-ին քոլեջի վերոնշյալ աշխատակից Կ.Կ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Քրեական գործի նախաքննությամբ, ի թիվս այլնի, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ ծառայողական պարտականությունները շահադիտական, անձնական այլ  շահագրգռվածությունից ելնելով չկատարելով, մի շարք ուսանողների կողմից դասերին չհաճախելու, ՀՀ տարածքից դուրս գտնվելու պայմաններում` նրանց սահմանված կարգով չեն ազատել քոլեջից: Փոխարենը` հանձնել են մասնագիտական որակավորման փաստը հավաստող  պետական նմուշի դիպլոմներ:

 

Նկատի ունենալով, որ իր դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործի նախաքննությամբ մեղադրյալներին վերագրվող հանցագործություններից բացի  ի հայտ են եկել այլ անձանց կողմից կատարված այլ հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից կայացվել է նշված քրեական գործի նյութերով ՀՀ քրեական  օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու որոշում: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը լրագրողների հետ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am