28.11.2017 | ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիին

ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների գլխավոր դատախազների հերթական նիստերին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիին:

 

Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների դատախազությունների միջև հաստատված հարաբերությունները, կարևորել են համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը:

 

ԻԻՀ գլխավոր դատախազը նկատել է, որ երկու երկրների միջև առկա փոխադարձ հարգանքն ու վստահությունը լիարժեք պայմաններ են ստեղծում միջազգային հանցավորության դեմ համատեղ պայքարում, ինչպես նաև իրավական փոխօգնության ոլորտում ջանքերի համատեղման և ավելի լայն գործակցություն ծավալելու համար: Պարոն Մոնթազերին Արթուր Դավթյանին հրավիրել է այցելել Իրան՝ քննարկելու երկու երկրների դատախազությունների գործունեության արդյունավետության էլ ավելի բարձրացմանն առնչվող խնդիրները և համագործակցության հետագա ուղղությունները:

 

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով հաստատվել են ջերմ, բազմաշերտ հարաբերություններ, որոնք իրենց դրական ազդեցությունն են թողնում նաև երկու երկրների իրավապահ համակարգերի միջև սերտ կապերի ամրապնդմանը: Արթուր Դավթյանը հավելել է, որ ԻԻՀ գլխավոր դատախազի նախորդ այցը Հայաստան և դրա ընթացքում համագործակցության ծրագրի իրականացումը մեծապես նպաստել են քրեական գործերով միմյանց ցուցաբերվող օգնության արդյունավետության բարձրացմանը և հույս է հայտնել, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն այդ գործընթացի շարունակականությունն  ապահովելու ուղղությամբ:

 

 ՀՀ գլխավոր դատախազն իր հերթին պարոն Մոնթազերիին սիրով հրավիրել է հաջորդ տարի այցելել Հայաստան՝ մասնակցելու ՀՀ դատախազության 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին՝ համոզմունք հայտնելով, որ այդ այցը էլ ավելի կամրապնդի ձեռք բերված բարեկամական գործակցությունը:

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ելույթը 09.12.2017թ. հակակոռուպցիոն միջոցառմանը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am