10.10.2017 | Կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պաշտոնատար անձինք

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի, օպերատիվ բաժնի պետի և այլ ծառայողների կողմից  նախնական համաձայնությամբ 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր:


Նշված դեպքերի կապակցությամբ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը ՀՀ գլխավոր դատախազության  կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու համար:


Քրեական գործով կատարված նախաքննությամբ ՀՔԾ քննիչների, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված, պլանավորված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը և այլ ծառայողներ, 2017 թվականի ընթացքում շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախնական համաձայնությամբ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

Քրեական գործով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են  ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը,  օպերատիվ բաժնի պետը և նրանց կաշառք տված  անձը:


Քրեական գործով կատարվում են անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ:


Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ելույթը 09.12.2017թ. հակակոռուպցիոն միջոցառմանը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am