14.07.2017 | Խոշտանգումների հիմնահարցը՝ ՀՀ դատախազության կազմակերպած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կլոր-սեղան քննարկմանը

Հուլիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հրավիրել էր կլոր սեղան քննարկում «Խոշտանգումների վերաբերյալ քրեական գործերի քննության վիճակը, առկա հիմնախնդիրները, խոշտանգումների կանխարգելման և քննության արդյունավետության բարձրացման հեռանկարները» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և մասնավորապես խոշտանգումների հիմնահարցում մասնագիտացած իրավապաշտպան գործունեություն ծավալող հասարակական մի շարք կազմակերպությունների, պետական իրավասու մարմիննների, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչութունների համապատասխան ծրագրերի համակարգողներ:


Բացման խոսքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, ներկաներին շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանն արձագանքելու համար, նշել է, որ խոշտանգումների կանխարգելման, ինչպես նաև այդ փաստերով արդյունավետ քննության ապահովման հիմնախնդիրը առաջանհերթություն է Դատախազության համար, և համատեղ քննարկումների նպատակն է նախատեսվող քրեաիրավական ընթացակարգային և օրենսդրական փոփոխությունների համատեքստում գտնել առկա խնդիրների լուծման համապարփակ մեխանիզմներ:


Ուշադրություն է դարձվել 2014-2016թթ. խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի առթիվ քննված քրեական գործերի վիճակագրությանը, համաձան որի, ի տարբերություն նախորդ երկու տարիների՝ 2016թ. որոշակի աճ է արձանագրվել քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու ուղղությամբ:


Ներկայացվել է խոշտանգումների գործերով իրականացված նախաքննության ընդհանուր վիճակը, դրա ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՀՀ դատախազության կոլեգիայի 2017 թվականի հունիսի 23-ին տեղի ունեցած ընդլայնված նիստում ընդունված որոշումների էությունն ու նպատակները, դրանցից ածանցվող մեկ տասնյակից ավելի հանձնարարությունները, որոնցով պետք է առաջնորդվեն խոշտանգումների ենթադրյալ հանցագործությունների դեպքերի առթիվ քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները: Այդ հանձնարարականների նպատակն է ձևավորել անհրաժեշտ կառուցակարգեր՝ բացառելու Հայաստանի դեմ կայացված մի քանի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտումների կրկնությունը և քրեադատավարական պրակտիկան հնարավորինս համապատասխանեցնել Եվրոպական դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների, ԵԽ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի, ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջադրված պահանջներին:


Կարևորելով ՀՀ գլխավոր դատախազության կողմից խոշտանգումների կանխարգելման և նախաքննության որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, առկա խնդիրների կարգավորման առումով քաղաքացիական հասարակության հետ երկխոսության պատրաստակամությունը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդես եկան իրենց մտահոգություններով և գործնական առաջարկություններով: Մասնավորապես շեշտվեց խոշտանգման գործերով նախաքննության անաչառության, ամբողջականության և լրիվության նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու անհրաժեշտությունը, դրանց ընթացքում իրականացվող քրեադատավարական որոշակի անհրաժեշտ գործողությունների տեսաձայնագրման կանոնակարգումը, չափանիշների հստակեցումը, ինչպես նաև խոշտանգման հետ կապված միջազգային իրավական կարգավորումներից, ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի որոշումներից ոչ միայն դատախազների, այլ նաև ոստիկանների, քննիչների իրազեկվածության մակարդակի բարձրացման, անհրաժեշտ գիտելիքներով զինելու ուղղությամբ վերապատրաստման ծրագրերի իրականացումը: Առաջարկվեց նաև ստեղծել քաղաքացիական հասարակության և ՀՀ գլխավոր դատախազության միջև ինստիտուցիոնալ համագործակցության նախադրյալներ:


Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել արված առաջարկություններն առավել ամբողջացված ներկայացնելու, ինչպես նաև նմանատպ ձևաչափով հանդիպումներն ավելի հաճախակի կազմակերպելու շուրջ:

Կոլեգիա. «Հետախուզում»

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am