20.04.2017 | «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների փաստով հարուցվել է քրեական գործ

ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Անտառային ֆոնդի տարածքներում՝  բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱ կազմակերպության  «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ:

 

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱ կազմակերպության կողմից սպասարկվող տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ «Դիլիջան ազգային պարկի հատված ծառերը» հրապարակման հիման վրա դատախազի հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ վերոնշյալ տարածքում ապօրինի հատվել են 100 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝  18.906.474 ՀՀ դրամ վնաս:

 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, Տավուշի մարզի դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՔԿ-ին:

 

Հարկ ենք համարում ընդգծել, որ ապօրինի ծառահատման դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ իրավապահ մարմինները համագործակցել են հոդվածը հրապարակող լրատվամիջոցի և տվյալ լրատվամիջոցին ծառահատումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրած քաղաքացու հետ: Արդյունավետ համագործակցության արդյունքում  իրավապահները բացահայտել են ավելի խոշոր խախտումներ:

ՀՀ գլխավոր դատախազությունը բարձր է գնահատում ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ՝ քաղաքացիների ակտիվ համագործակցությունը ՀՀ դատախազության հետ՝ ապօրինությունների բացահայտման ու կանխարգելման նպատակով օբյեկտիվ ու ամբողջական տեղեկատվություն տրամադրելու հարցում:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ելույթը 09.12.2017թ. հակակոռուպցիոն միջոցառմանը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am