05.07.2013 | Ա.Հովսեփյան. Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ունենա անթերի միջազգային-իրավական ապահովում

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր մասնակցել է  «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի աշխատանքներին, որը կազմակերպել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը։ 

«Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման  և դատապարտման մասին՝ մենք հիմնական պատասխանատու ենք համարում Թուրքիային: Թուրքիան, իրավաբանական լեզվով ասած, ոճրագործության կատարողն է: Եվ դա այդպես է: Բայց մենք` իրավաբաններս, լավ գիտենք, որ ոճրագործները հաճախ ունենում են հանցակիցներ` կազմակերպիչներ, դրդիչներ, օժանդակողներ: Իսկ եղե՞լ են արդյոք անհատ անձինք, միջազգային բացահայտ կամ գաղտնի կազմակերպություններ, ժողովուրդներ և պետություններ, ովքեր կազմակերպել, օժանդակել կամ դրդել են Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին: Եվ գլխավորը` ինչ նպատակով: Գրականության մեջ արդեն հայտնվել են որոշ տեղեկություններ Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, օժանդակողների, նույնիսկ համակատարողների մասին: Բայց այդ տեղեկություններում բարձրաձայնված միջազգային կազմակերպությունների և պետությունների մասին ես առայժմ լռում եմ, քանի որ դրանք սոսկ վարկածներ են, որոնք իրավական լուրջ հետազոտությունների կարիք ունեն»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը եւ նշել, որ պայ իրավաբանների խնդիրներից մեկն է համարում Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, դրդիչների և օժանդակողների բացահայտումը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման իրավական հարցերին, ապա Ա.Հովսեփյանի խոսքով,  այստեղ էլ հայ իրավաբանները լուրջ անելիքներ ունեն:

«Այստեղ մի շարք իրավաբանական խնդիրներ են ծագում: Անվիճելի է, որ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը կապված է փոխհատուցման հետ: Ի՞նչ բնույթ պետք է ունենա այդ փոխհատուցումը, զուտ բարոյակա՞ն, թե՞ նաև գույքային և տարածքային:

 
Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը: Այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական Եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»,- ընդգծել է գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը: 
 
ՀՀ գլխավոր դատախազի ելույթին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ դատախազության ինտերնետային էջի «Ելույթներ եւ հարցազրույցներ» բաժնում։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am