06.02.2013 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մշտական  իրավախորհրդատու Ջոն Լուլեջյանը։

Կողմերը քննարկել են  ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում հանցագործության հատկանիշներ պարունակող ընտրախախտումներին իրավապահ մարմինների կողմից արագ  արձագանքելու, պատշաճ իրավական գնահատական տալուն  վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է  ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար դատախազությունում ձեւավորված աշխատանքային խմբի գործունեությունը՝ տեղեկացնելով, որ ստացված ահազանգերի եւ դրանց քննարկման արդյունքների մասին հանրությանը պարբերաբար տրամադրվում է տեղեկություն ՀՀ դատախազության ինտերնետային էջի միջոցով։ Ընդ որում, տեղեկանքում ներառված են նաեւ ԶԼՄ-ների այն հրապարակումները, որոնք դատախազությունն իր նախաձեռնությամբ դարձնում է քննության առարկա՝ մշտադիտարկման արդյունքում։

Կարեւորելով ընտրական համակարգի նկատմամբ հասարակության վստահության վերահաստատումը՝ ԱՄՆ դեսպանը բարձր է գնահատել այդ ուղղությամբ դատախազության ձեռնարկած քայլերը՝ կարեւորելով հատկապես ստացված հաղորդումների քննարկման արդյունքների հրապարակայնության ապահովումը, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը զարգացնելուն ուղղված միջոցառումներն ու մամուլի հրապարակումներին դատախազության նախաձեռնությամբ ընթացք տալը։

Կողմերը քննարկել են նաեւ փոխգործակցությունը զարգացնելուն վերաբերող այլ հարցեր։ 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am