17.01.2013 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽԽՎ պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությանը՝ տիկին  Կարին Ուոլդսեթի գլխավորությամբ։  

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազը հավաստել  է դատախազության վճռականությունն ու պատրաստակամությունը` հետամուտ լինել առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների  պատշաճ գրանցմանն ու քննարկմանը, դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալուն:  Ա.Հովսեփյանը տեղեկացրել է, որ իր հրամանով հունվարի 14-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար: Խմբում ընդգրկվել  է 12 դատախազ: Աշխատանքային խմբի գործունեության համակարգումը կիրականացնի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

Աշխատանքային խումբը ոչ միայն հսկողություն է իրականացնելու գրավոր ստացված հաղորդումների պատշաճ գրանցման ու քննարկման նկատմամբ,  այլ նաեւ իրականացնելու է լրատվամիջոցների մշտադիտարկում՝ քննարկման առարկա դարձնելով հանցագործության հատկանիշներ պարունակող ընտրախախտումների վերաբերյալ  մամուլի հրապարակումները։ 

«Ընտրական այս գործընթացում իրավապահ մարմինների հիմնական խնդիրն է կանխարգելել ընտրական իրավունքի դեմ ոտնձգությունները, խախտումներ արձանագրվելու դեպքում հետեւողական լինել համարժեք քրեաիրավական գնահատական տալուն: Քաղաքացին պետք է վստահ լինի, որ հանցագործության մասին իր ահազանգը պատշաճ քննության առարկա կդառնա, եւ հանցագործը կպատժվի, իսկ այդ վստահության գրավականը հրապարակայնությունն է»,- ասել է գլխավոր դատախազը՝ հավաստելով, որ ապահովվելու է աշխատանքային խմբի գործունեության հրապարակայնությունը։ 

Հյուրերի խնդրանքով Ա.Հովսեփյանն  անդրադարձել է ընտրակաշառքի, ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներին եւ նշել, որ այս ընտրությունների ընթացքում եւս դատախազությունը բացատրական աշխատանքներ է իրականացնելու հասարակության առավել լայն շրջանակներում՝  իրազեկելու համար։ 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am