Ուշադրություն

Միջազգային Իրավական Կապեր

- Դատախազության փոխհարաբերությունները այլ պետությունների դատախազությունների, ինչպես նաեւ միջազգային  կազմակերպությունների հետ,  «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, կարգավորվում  են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

- Հայաստանի դատախազությունն իր գործունեության մեջ առանձնակի տեղ է հատկացնում  միջազգային իրավական կապերի ամրապնդմանը եւ հանցավորության  դեմ պայքարում այլ երկրների դատախազական կառույցների հետ համագործակցության սերտացմանը:

 

- Դատախազությունն անդամակցում է ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների Կոորդինացիոն խորհրդին դրա հիմնադրման օրվանից՝ 1995 թվականի հունվարից, 1999 թվականից հանդիսանում է Դատախազների միջազգային ասոցիացիայի, իսկ 2005 թվականից Եվրոպայի գլխավոր դատախազների կոնֆերանսի լիիրավ անդամ:  Միաժամանակ ակտիվորեն մասնակցում է միջազգային կոնֆերանսներին, սեմինարներին, փորձում երկկողմանի համաձայնագրերով կարգավորել հարեւան եւ ընդհանրապես այլ երկրների դատախազական կառույցների հետ համագործակցությունը:

 

 - 1998 թվականի հոկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ դատախազության մի խումբ աշխատակիցների վերապատրաստումը ԱՄՆ-ում եւ Նիդեռլանդներում կազմակերպելու մասին:

 

- 1999 թվականի հոկտեմբերին Երեւանում իրավական փոխօգնության եւ համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Սլովակիայի  Հանրապետության դատախազությունների միջեւ:

 

- 2001 թվականի հունիսին ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մայքլ Լեմոնը  ստորագրեցին  թմրանյութերի վերահսկման եւ իրավապահպանության բնագավառում ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանին տեխնիկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ համաձայնագիր: Սույն համաձայնագիրը  հետագայում 2003, 2004 եւ 2005 թվականներին լրացվել է կից ստորագված արձանագրություններով՝ ի հավաստումն  համագործակցության արդյունավետության:

 

- 2003 թվականի հունիսին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացավ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների գլխավոր դատախազների  Կոնֆերանսի աշխատանքային նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ դատախազության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի ղեկավարությամբ:

 

- 2005 թվականի հուլիսի 21-ին Թբիլիսիում Հայաստանի եւ Վրաստանի գլխավոր դատախազները ստորագրել են Հուշագիր՝ երկու երկրների  դատախազությունների միջեւ իրավական օգնության եւ համագործակցության մասին:

 

 - 2005 թվականի  օգոստոսի 8-ին Երեւանում Հայաստանի եւ Լատվիայի գլխավոր դատախազները ստորագրել են Համաձայնագիր երկու երկրների դատախազությունների միջեւ իրավական օգնության եւ համագործակցության մասին:

 

- 2005 թվականի հոկտեմբերի 6-ին Մինսկում Հայաստանի եւ Բելոռուսի գլխավոր դատախազները ստորագրել են Արձանագրություն՝ երկու երկրների դատախազությունների միջեւ փոխըմբռման եւ իրավական համագործակցության ամրապնդման մասին:

 

- Բավարիայի արդարադատության նախարարի հրավերով 2005 թվականի նոյեմբերի 5-11-ը Մյունխեն է մեկնել ՀՀ դատախազության պատվիրակությունը՝ գլխավոր դատախազի ղեկավարությամբ: Այցի նպատակը իրավական օգնության ցուցաբերման բնագավառում հետագա համագործակցության զարգացումն է:

 

- 2006 թվականի ապրիլի 21-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսը ստորագրեցին Թմրանյութերի վերահսկման և իրավապաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության նամակ-համաձայնագրի չորրորդ լրացումը:

 

 - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով 2006 թվականի սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում տեղի ունեցավ համատեղ կոլեգիայի նիստ, ստորագրվեց «Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջեւ համագործակցության մասին» համաձայնագիր:

 

- 2006 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ  Ռաշիդ Տուսուպբեկովը  Աստանայում ստորագրել են երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության մասին համաձայնագիր:

 

- 2007 թվականի մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն ու  Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան Մոսկվայում ստորագրել են երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության ծրագիր:

 

-2007 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ Դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Է.Գոդֆրին ստորագրեցին ԱՄՆ եւ ՀՀ կառավարությունների միջեւ 2001 թ. կնքված  թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրում լրացում կատարելու մասին 5-րդ արձանագրությունը:

 

- ՀՀ գլխավոր դատախազի հրավերով 2007 թվականի հուլիսի 5-7-ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Հունգարիայի Հանրապետության գլխավոր դատախազ Թամաշ Կովաչի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում երկու երկրների գլխավոր դատախազները 2007թ. հուլիսի 6-ին ստորագրեցին Հուշագիր «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ Հունգարիայի Հանրապետության գլխավոր դատախազության միջեւ համագործակցության մասին»:

 

- 2007 թվականի հոկտեմբերի 9-10-ը Երեւանում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր  դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստը, որի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը    հանդես եկավ  զեկույցով՝ մարդկանց առեւտրի դեմ պայքարում ԱՊՀ անդամ-պետությունների դատախազությունների համագործակցության խնդիրների վերաբերյալ:

 

- ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց 2007 թվականի   նոյեմբերի 21-24-ը Ինդոնեզիայում,  Բալի քաղաքում տեղի ունեցած  հակակոռուպցիոն մարմինների   միջազգային ասոցիացիայի երկրորդ ամենամյա կոնֆերանսին եւ գլխավոր հանդիպմանը: Կոնֆերանսին   մասնակցող ՄԱԿ-ի անդամ 89 անդամ-պետությունների հակակոռուպցիոն մարմինների ներկայացուցիչները   եւ 11 միջազգային կազմակերպությունները ստորագրել են Հռչակագիր:

 

- ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի  պետությունների դատախազների տարածաշրջանային համաժողովին՝ «Դատախազը եւ մարդու իրավունքները» թեմայով, որը տեղի է ունեցել  նոյեմբերի 10-11-ը, Լվով քաղաքում: 

 

- Այցելության ընթացքում, 2008թ. նոյեմբերի 13-ին, Կիեւ քաղաքում Հայաստանի եւ  Ուկրաինայի գլխավոր դատախազները՝ Ա.Հովսեփյանը եւ Ալ.Մեդվեդկոն ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր, որը կանոնակարգում է իրավական օգնության մեխանիզմները՝ նախանշելով երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության նոր ուղղություններ եւ հնարավորություններ:

 

- ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան  2009թ. փետրվարի 13-ին, ՌԴ դատախազության պատվիրակության աշխատանքային այցի ընթացքում,  Երեւանում ստորագրել են Հուշագիր  ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ  2009-2011 թթ. համագործակցության հիմնական ուղղությունների մասին:

 

- Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու   Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազ Ռենատա Վեսեցկան 2009թ. մայիսի 18-ին,  ՉՀ դատախազության պատվիրակության աշխատանքային այցի ընթացքում, Երեւանում ստորագրել են համագործակցության մասին հուշագիր:

 

- Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2009թ. սեպտեմբերի 16-ին, Երեւանում ստորագրեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև կնքված թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի փոփոխության մասին երկու արձանագրություն: Համաձայն սույն 9-րդ և 10-րդ փոփոխությունների՝ ԱՄՆ Կառավարությունը 2,286,050  ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն  կտրամադրի ՀՀ Կառավարությանը մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար: 

 

- 2010թ. հուլիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ստորագրեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև կնքված թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի փոփոխության մասին արձանագրություն:     Համաձայն սույն 11-րդ փոփոխության` ԱՄՆ Կառավարությունը 2,875,284  ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն  կտրամադրի ՀՀ Կառավարությանը`  մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար:

 

- 2010թ. սեպտեմբերի 13-ին, Բուխարեստում, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը եւ Ռումինիայի դատախազի տեղակալ Գաբրիելա Սկուտեան ստորագրել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ու Ռումինիայի վճռաբեկ եւ արդարադատության դատարանին կից դատախազության միջեւ համագործակցության մասին Հուշագիր:

 

- ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան սեպտեմբերի 15-ին, Մոսկվայում ստորագրել են ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ 2010-2011 թվականների ընթացքում համագործակցության մասին ծրագիրը:

 

- 2010 թվականի հոկտեմբերի 19-21-ը Երեւանում տեղի ունեցավ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստը: Եռօրյա աշխատանքային քննարկումների արդյունքում ընդունվել է «Դատախազությունը եւ անչափահասների գործերով արդարադատությունը» Երեւանյան հռչակագիրը: Այն խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է եւ կոչված է ապահովելու անչափահասների իրավունքների պաշտպանության սկզբունքների միասնականությունը:

 

- 2011թ. մարտի 16-ն եւ 17-ին  ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության դատախազ Վ. Հովհաննիսյանը մասնակցել է Վիեննայում ՄԱԿԻ` «Թմրամիջոցների եւ հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակ»- ի կողմից կազմակերպված «Հզորացնել հակահարվածն ահաբեկչությանը` ուսումնասիրելով դրա կապը համապատասխան հանցավոր գործունեության տեսակների հետ» թեմայով միջազգային  կոնֆերանսին: Կոնֆերանսում քննարկվել են ահաբեկչության եւ այլ հանցատեսակների` մասնավորապես թմրամիջոցների եւ զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության փոխկապակցվածության վերաբերյալ հարցեր, այդ թվում`

 

- Մասնակից երկրների կողմից ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը,

- Ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում իրավական բազայի զարգացումը մասնակից երկրներում,

- Ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում մասնակից երկրների փորձը:

Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետությունում թրաֆիկինգի հարցերով խորհրդի և Արաբական Միացյալ Էմիրությունների թրաֆիկինգի դեմ պայքարի ազգային կոմիտեի միջև թրաֆիկինգի դեմ պայքարում համագործակցության մասին:

 

- 2011թ. մարտի 7-ից 12-ը ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Աշրաֆյանը եւ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի դատախազ Ե. Ավագյանը Ղազախստանի Հանրապետության ֆինանսական ոստիկանության հրավերով գործուղվել են քաղաք Ալմաթի` մասնակցելու «Միջազգային կոռուպցիայի դեմ պայքարի եւ ակտիվների վերադարձման բնագավռում գործողությունների միավորում» թեմայով միջազգային կոնֆերանսին: Կոնֆերանսում մասնավորապես քննարկվել են.

-  Ներպետական օրենսդրության համապատասխանեցումը միջազգային պայմանագրերի դրույթներին,

- Եվրոպայի Խորհրդի` «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի եւ «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիաների իրացման խնդիրները,

- Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման բնագավառում ֆինանսական հետախուզության մարմինների դերը, ինչպես նաեւ այդ բնագավառում փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու իրավական հիմքերն ու կարգը:

- Կոնֆերանսին ելույթով հանդես է եկել  ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Աշրաֆյանը:

- Իրավական ապահովման և եվրոինտեգրման բաժնի ավագ դատախազ Ա. Ղամբարյանը  ԱՄՆ դեսպանության հրավերով  2011թ. մայիսի 18-19-ին մասնակցել  է «Թրաֆիքինգի եւ հարկադիր աշխատանքի դեմ պայքարը» թեմայով Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված կոնֆերանսին, որի շրջանակներում ներկայացրել եմ թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կողմից իրականացվող քրեական քաղաքականության հիմնական ուղղությունները, առաջնահերթությունները, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքում թրաֆիքինգի եւ դրան հարակից հանցակազմերում կատարված փոփոխությունները: Միջազգային փորձագետների կողմից հատկապես ողջունվեց ՀՀ-ում թրաֆիքինգի զոհերի ծառայությունից օգտվել որպես հանցագործություն դիտելը, թրաֆիքինգի գործերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ուղղությամբ քննության իրականացումը, ինչպես նաեւ երեխաներին մուրացկանության մեջ ներգրավելը որպես հարկադիր աշխատանքի ձեւով թրաֆիքինգ որակելու ՀՀ գլխավոր դատախազության հետեւողական քաղաքականությունը:

 

- ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը Հռոմում 2011թ. հուլիսի 4-8-ը մասնակցել է ԵԴԽԽ աշխատանքային խմբի 9-րդ հանդիպմանը, ինչպես նաև Իտալիայի Արդարադատության բարձրագույն խորհրդի կողմից կազմակերպված միջազգային գիտաժողովին` նվիրված քրեական արդարադատության ոլորտում դատախազության դերի մասին ԵԽ նախարարների կոմիտեի թիվ 2000(19) հանձնարարականի ընդունման 10-րդ տարեդարձին:

 

- ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը՝ ՀՀ  գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի գլխավորությամբ, 2011թ. հունիսի 29-ից հուլիսի 2-ը Կորեայի Սեուլ քաղաքում մասնակցել է Դատախազների միջազգային ասոցիացիայի 16-րդ ամենամյա կոնֆերանսին եւ գլխավոր հանդիպմանը և Դատախազների համաշխարհային 4-րդ գագաթնաժողովին:

 

-  ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Շանհայ քաղաքում հուլիսի 3-6-ը մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համագործակցությանը նվիրված սեմինարի աշխատանքներին, որի ընթացքում քննարկվել են դատապարտված անձանց էքստրադիցիայի, իրավական փոխօգնության, համատեղ քննչական գործողությունների եւ նշված հանցագործություններով նախաքննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր:

 

- Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն ու Մոլդովայի գլխավոր դատախազ Վալերի Զուբկոն հունվարի 29-ին Քիշնեւում ստորագրել են երկու երկրների գլխավոր դատախազությունների միջեւ  Փոխըմբռման հուշագիր:

 

-  ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը 2012թ. հունիսի 11-ին՝ Երեւանում, ստորագրեցին «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր:

 

-  ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը 2012թ.  սեպտեմբերի 10-ին ստորագրեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի 14-րդ փոփոխությունը կատարելու մասին արձանագրությունը:

 

- ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյունմինը հունիսի 11-ին՝ Երեւանում,  ստորագրեցին 2012-2013թթ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության եւ ՉԺՀ գլխավոր դատախազության միջեւ համագործակցության ծրագիր։


Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ աշխատանքային քննարկում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am